ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Այս ընտրությունները խոտանված են»

«Այս ընտրությունները խոտանված են»
03.12.2012 | 17:16

Թիվ 1 ընտրատարածքում անցնող կիրակի անցկացված ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավորի մուտքի «արտոնագիր» է ստացել Ռոբերտ Սարգսյանը, ով հանրությանն ավելի հայտնի է որպես Տարոն Մարգարյանի աներորդի: Նրա մրցակից, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ մեզ հետ ճեպազրույցում մի քանի դիտարկումներ արեց այդ ընտրությունների առնչությամբ:

-Ձեզ համար սպասելի չէ՞ր ընտրությունների նման արդյունքը:
-Նոյեմբերի 29-ին և 30-ին, երբ տեղի ունեցան ընտրատարածքային հանձնաժողովի և ԿԸՀ-ի նիստերը, արդեն հասկանալի էր, որ ընտրությունների համար պատասխանատու ողջ համակարգն ուղղակի Տարոն Մարգարյանի տրամադրության տակ է, և ցանկացած ապօրինություն անհեթեթ հիմնավորմամբ օրինական է համարվելու: Եթե ԿԸՀ-ն ուզում է արդարացնել մրցակցի այն խախտումը, որ համատիրության միջոցով շենքերի մուտքերում և վերելակներում փակցված նախընտրական պաստառները ոչ թե անձի, այլ կենցաղային առարկայի գովազդ են, ինչ-որ բան ասելն արդեն դժվար է:
-Ասել է` «հայկական ավանդույթով» անցկացվեցին ընտրությունները:
-Այո: Մի ամբողջ պետական համակարգ` քաղաքապետարանը, մրցակցի տրամադրության տակ էր: Թաղապետարանի աշխատողների վրա պլան է դրված եղել` յուրաքանչյուրը ներկայացներ տասն ընտրողի: ԸՕ-ն ասում է, որ հանրային ռեսուրսները պետք է հավասարապես հասանելի լինեն: Եթե թաղապետարանը ձայն էր հավաքում, պարտավոր էին ձայն հավաքել բոլոր թեկնածուների համար: Կատակը մի կողմ, նրանք պարզապես իրավունք չունեին նման աշխատանք տանելու` ամեն գնով հաղթանակ ապահովելու համար տրամադրելով անգամ տաքսի ծառայությունները, գծից հանելով երթուղայինները: Հարց է ծագում` ո՞ւմ է պատկանում այդ գիծը, ի՞նչ իրավունքով են հանել, և ինչո՞ւ այդ տրասնպորտային միջոցները չպիտի սպասարկեին հասարակությանը: Եվ ամենակարևորը` ընտրաթանաքները: ԸՕ-ն ընտրաթանաքների գաղափարը ներմուծեց կրկնակի քվեարկություններից խուսափելու համար: ԿԸՀ-ն, մերժելով իմ առաջարկությունը` ընտրության օրն օգտագործել սովորական կնիքներ, արել է միտումնավոր, որպեսզի ընտրողների շարժը վերահսկելի չլինի: Թանաքները նախկինի պես արագ անհետացել են:
-Նաև որպես փորձագետ` այս ընտրություններից ինչպիսի՞ հետևություն արեցիք:
-Նախ` այսպիսի ընտրական գործընթացները նոր չեն: Նախագահական ընտրություններից առաջ սա թեստ էր բոլորի համար` այս մոդելը գործարկելու նպատակով: Ընդդիմությունը հիմա լուրջ խնդիր ունի` ո՞րն է սրա ելքը: Ես դեռ պատրաստի դեղատոմս չունեմ, բայց մի բան ակնհայտ է, որ Ստեփան Սաֆարյանի` ՀՀ քաղաքացու, նախագահական ընտրություններում անձնական ներդրումն այն կլինի, որ թույլ չտա, որ ԿԸՀ-ն, ԸԸՀ-ն ընտրական օրենսգիրքը կամայականորեն մեկնաբանեն: Դա կլինի եվրոպական ատյան, որը ճշգրիտ գնահատական կտա նման ընտրություններին, որպեսզի նախագահի թեկնածուի նկարն էլ վերելակում չդիտվի որպես կենցաղային առարկաների գովազդ:
-Փաստորեն, հետամո՞ւտ եք լինելու, որ այս ընտրություններին իրական գնահատական տրվի:
-Այո: Որպես ՀՀ քաղաքացի, իմ պարտականությունն է դա անելը: Կհաջողվի անել ավելին, կանեմ: Թույլ չեմ տալու այս օրինախախտումները կատարվեն: Հիմնականում կենտրոնանալու եմ զանգվածային խախտումների վրա, որ չպատճառաբանեն, թե դա եզակի դեպք է: Առաջին հերթին ապացուցելու եմ, որ այս ընտրությունները խոտանված են:
-Ինչո՞վ է զբաղվելու այսուհետ Ստեփան Սաֆարյանը:
-ՈՒնեմ նոր գաղափարներ նոր նախաձեռնությունների համար, ի դեպ, ոչ միայն որպես փորձագետ: Մնալու եմ քաղաքականության մեջ և փորձագետի իմ խոսքով ազդելու եմ քաղաքական գործընթացների վրա:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ